Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

«Ռոսնեֆտը» ուսումնասիրում է, իսկ «Նաիրիտը» դեռ չի աշխատում

«Ռոսնեֆտը» ուսումնասիրում է, իսկ «Նաիրիտը» դեռ չի աշխատում
03.12.2013 | 16:05

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը խոստանում է, բայց դրանից նաիրիտցիների գրպանը փող չի մտնում:

«Անընդհատ խոստանում են ու անընդատ խաբում։ Էներգետիկայի նախարարը խոստացել էր, որ նոյեմբերի 27-ին կստանանք անցած տարվա մեկ ամսվա աշխատավարձը։ Նա տղամարդու խոսք տվեց, բայց արդեն դեկտեմբերի 3-ն է` ոչ փող կա, ոչ էլ նախարարը»,- այսպես դժգոհում էին «Նաիրիտի» աշխատողները: Նրանց կարելի է հասկանալ. մարդիկ աշխատել են ու մնացել են ձեռնունայն:
Եթե ճիշտն ասենք` Հայաստանի անկախությունը «Նաիրիտի»` քիմիաարդյունաբերական հսկայի վրա լավ չեկավ: Սա առաջին դեպքը չէ, որ կոլեկտիվը կանգնում է աշխատավարձերի պարտքի, հարկադիր պարապուրդի խնդիրների առջև: Տարբեր ժամանակներում իրար հաջորդած կառավարությունները փորձում են աշխուժացնել «Նաիրիտի» կյանքը: Սակայն մինչ օրս դրական արդյունքներ չկան:
Երբեմնի գերհզորը ձեռքից ձեռք անցնելով` փոխեց կառավարիչներին, հայտնվելով տարբեր ազգերի ձեռքում: Հիմա էլ «Նաիրիտի» կառավարումը, այսինքն` այն աշխատեցնելու պարտավորությունը, ստանձնել է «Ռոսնեֆտ» ընկերությունը: Ի՞նչ կտա սա. «Ռոսնեֆտի» մասնագետներն էլ երևի թե կդժվարանան այս հարցին լիարժեք պատասխանել: Խնդիրն այն է, որ նոր կառավարչի նախաձեռնությամբ «Նաիրիտում» իրականացվում են լայնածավալ միջազգային ուսումնասիրություններ: Հուսանք , որ ռուսական այս ընկերությունը շահագրգռված կլինի աշխատեցնելու «Նաիրիտը», նկատի ունենալով Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը:
Սա մոտ ապագայի հարց է, իսկ աշխատողի աշխատավարձերի պարտքը մնում է լուծի ՀՀ կառավարությունը: Ինչո՞ւ նույն կառավարությունը այդ պարտքերի մարումը չի պահանջում «Նաիրիտի» նախորդ կառավարչից: Սա, կարծում ենք, կարևոր հարց է, որը պետք է լուծվի:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3404

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ